Տավուշի սահմանապահ գյուղերը՝ ուշադրության կենտրոնում

Տավուշի սահմանապահ գյուղերը՝ ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Ներքին Կարմիրաղբյուրում նոր փողոցներ կլուսավորվեն: Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սկսել է էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել էին հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:

Երեսուն տարվա խնդիրը լուծելու համար սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսևորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո, ինքնաշեն լուսատուներն այլևս չեն շահագործվել:

«Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը` զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։ Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը և միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,-տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2019-ին, գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարևոր նշանակության՝ մոտ 1800մ հատված: Ընթացքում են մոտ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի ևս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարևոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:

«Եթե նախկինում, ժամը 19:00-ից հետո, մարդիկ տանից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգևորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո, գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է և հակառակորդի կողմից երևում է լույսերի մեջ»,-ասել է վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:

Մինչև տարեվերջ, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---