11 փետրվարի 2009 - 19:24 AMT
Իրանն ու ԱՄՆ-ն պատրաստ են երկխոսության հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա
Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններին վերջ տված իսլամական հեղափոխությունից 30 տարի անց Իսլամական Հանրապետությունը վերջապես դռները բացեց քաղաքակիրթ երկրների հետ երկխոսության համար:

Ելույթ ունենալով ամբոխի առջեւ, որը թափահարում էր «Մահ Ամերիկային» պաստառները եւ կրում էր Մահմուդ Ահմադինեժադի պատկերները, նախագահը հայտարարեց, որ Ամերիկան ու Իրանը վերջապես պատրաստ են երկխոսության հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա: «Իրանի ժողովուրդը ողջունում է դեպի լավը տանող ցանկացած փոփոխություն»,-միլիոնանոց ամբոխի առջեւ բացականչեց նա Թեհրանում, գրում է The Times-ը:

«Ակնհայտ է, որ փոփոխությունները պետք է հիմնարար լինեն, ոչ թե մարտավարական: Սկսվել է երկխոսության ժամանակաշրջանը»,-ասել է Իրանի նախագահը:

Հատկանշական է, որ Ահմադինեժադի ելույթից տառացիորեն մեկ օր առաջ Բարաք Օբաման հայտարարեց, թե «եթե Իրանի նման երկրները պատրաստ են համագործակցության, ապա մենք նրանց օգնության ձեռք կմեկնենք»; «Աշխարհը չի ցանկանում, որ կրկնվի Ջորջ Բուշի մութ ժամանակաշրջանը:-շարունակել է Ահմադինեժադը:-Եթե որոշ մարդիկ ցանկանում են, որ դա կրկնվի, նրանք պետք է հասկանան, որ այդ դեպքում շատ ավելի մեծ խնդիրների կբախվեն, քան ԱՄՆ նախկին նախագահը»:

Ինքը Բ.Օբաման վերջերս հայտարարեց այն «հույսի մասին, որ մոտակա ամիսներին երկու կողմերը կնստեն դեմ դիմաց եւ կորոնեն հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ»: