11 փետրվարի 2009 - 20:28 AMT
Իրանը չափազանց բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացմանը
Հայ-թուրքական արտաքին քաղաքական ջերմացումը, անխոս, դրական երեւույթ է երկու պետությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանը: Նրա խոսքով, Հայաստանի համար դա այլընտրանքային հաղորդակցությունն է, իսկ Անկարայի համար` տարածաշրջանում իր ռազմա-քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու կարեւորագույն գործիք: «Ակնհայտ է, որ Անկարային ավելի շատ է անհրաժեշտ Երեւանի հետ մերձեցումը, դա նշանակում է, որ Թուրքիայի համար հնարավորություն կստեղծվի ակտիվորեն ազդել պաշտոնական Երեւանի զանազան քաղաքական որոշումների վրա: Այդ պահերը շատ լավ հասկանում են Թեհրանում: Իրանը չափազանց բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացմանը եւ արդեն ինքն է փորձում դառնալ կայունության զանազան պլատֆորմների նախաձեռնող»,- նշել է նա:

Թեհրանի անհանգստության պատճառը, ըստ հայ փորձագետի, կարելի է համարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղարկելու Անկարայի բացահայտ նպատակները: «Թեհրանը հստակ գիտակցում է, որ եթե Թուրքիան սկսի «զբաղվել» Ղարաբաղով, ապա տանուլ կտա ոչ միայն Հայաստանը, այլեւ Իրանը, քանի որ հայերի կողմից Իրանին հարող տարածքների հանձնումը հետագայում լրացուցիչ էթնո-քաղաքական հակամարտություններ կստեղծի Թեհրանի համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանում սուր է երկրի ադրբեջանցիների հետ կապված խնդիրը, որոնք ձգտում են դեպի Բաքու, բայց հայկական գործոնը մերձարաքսյան գոտու ստորին հատվածում (Արաքսին հարող ղարաբաղյան գաղութները) բնական արգելք է ստեղծում համաադրբեջանական միության համար»,- ընդգծել է Աբրամյանը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ իրանական կրոնա-քաղաքական վերնախավի համար Թուրքիան ընկալվել եւ ընկալվում է որպես տարածաշրջանում գլխավոր ռազմա-քաղաքական եւ կրոնական մրցակից, որը դաշնակցային հարաբերություններ ունի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ: Հիմնվելով այդ բնագավառի վրա` պաշտոնական Թեհրանը բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի ցանկացած նախագծերին` համարելով, որ կովկասյան ժողովուրդները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները: Ելնելով հենց այդ սկզբունքներից` Թեհրանը արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում է Կովկասի կայունության եւ անվտանգության այլընտրանքային նախագծի ներկայացման նախապատրաստական փուլում. այդ նախագծում բացահայտ հակաթուրքական գիծը չի արտահայտվելու: Չարժե ուշադրություն դարձնել նաեւ նրան, որ փոխադարձ հայ-թուրքական քաղաքավարության ժեստերը Թբիլիսիում միանգամայն դրական են ընդունվում` իմանալով, որ տնտեսական ճանապարհները ստանալու դեպքում Հայաստանի ղեկավարությունը չի փոխի իր քաղաքականությունը Վրաստանի առնչությամբ»,- ասել է հայ փորձագետը: