Զոհրաբյանը ճիշտ չի համարում աբորտների արգելքն առհասարակ. Պարզաբանել է նախաձեռնությունը

Զոհրաբյանը ճիշտ չի համարում աբորտների արգելքն առհասարակ. Պարզաբանել է նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պարզաբանել է հղիության արհեստական ընդհատման արգելքին վերաբերող իր և պատգամավոր Շաքե Իսայանի նախաձեռնությունը: PanARMENIAN.Net ի հետ զրուցում Զոհրաբյանը հայտնեց, որ առաջարկի «առաջին և միակ նպատակը» սելեկտիվ աբորտների խնդրի լուծումն է, և բոլոր տեսակի աբորտների արգելքը ճիշտ չի համարում:

«Մենք խնդիր չունենք կյանքի գնով այդ նախագիծն անցկացնելու: Առաջարկը եղել է հանրային սեկտորից: Մենք պատրաստվում ենք առաջիկայում լայն քննարկում կազմակերպել նախաձեռնությանը դեմ և կողմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եթե կգանք միասնական համաձայնության բոլոր շահառու կողմերի հետ, նախաձեռնությունը կդնենք օրենքի նախագծի տեսքով, չենք գա, ուրեմն բնականաբար այդ գաղափարն օրենքի նախագծի տեսք չի ստանա», - նշեց Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում շատ լուրջ է, և այն պետք է լուծել: Իսկ ընդհանրապես աբորտների արգելքը պատգամավորը ճիշտ չի համարում:

«Բազմաթիվ դեպքեր կան, բժշկական ցուցումներ կան, բռնաբարության, ինցեստի դեպքեր կան... Օրինակ՝ Լեհաստանում անգամ նման դեպքերում են արգելվում աբորտները: Մենք չենք կարծում, որ նման ծայրահեղ տարբերակներով պիտի գնանք, կարծում ենք, որ պետք է գտնել լավագույն շահը թե՛ կնոջ, թե՛ չծնված երեխայի իրավունքի համար», - ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ նախագիծը կդրվի շրջանառության մեջ, եթե գտնվի «ոսկե միջինը». «Մինչև նախագիծը հասարակական լայն քննարկում չանցնի, նախաձեռնությունը չի մտնի օրակարգ»:

Խոսելով նման նախագծի ռիսկերի, արգելքը շրջանցելու վտանգավոր փորձերի և դրանց հետևանքների մասին, Զոհրաբյանը հայտնել է, որ նման մտավախություն կա:

«Խորհրդային տարիներին շատ վատ փորձ կար, և կանանց մահացությունն ավելացել էր, ուստի մենք նախագիծը դեռևս պիտի քննարկենք համակողմանի», - եզրափակեց պատգամավորը:

Սեպտեմբերի 9-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ Իսայանի հետ հանդես են գալու հղիության արհեստական ընդհատման արգելքի առաջարկով։ Նա նշել էր, որ գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ օրինակ, երբ այն մինչև 12 շաբաթական է, կինը հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ, և այլն։

«Բոլոր այս կարգավորումները պետք է փոխարինել մեկ կարգավորմամբ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքով․․․ բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ», - գրել էր նա։

Նրա գրառումը քննարկումների և քննադատության ալիք էր բարձրացրել սոցցանցերում: Սեպտեմբերի 10-ին Զոհրաբյանը ջնջել էր գրառումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---