11 սեպտեմբերի 2020 - 13:52 AMT
Դատավորների կենսաթոշակը կարող է բարձրանալ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է դատավորների կեսաթոշակը սահմանել ոչ պակաս, քան նախորդ 12 ամսվա աշխատավարձի, այդ թվում՝ լրացուցիչ աշխատավարձերի 75%-ն է, և ոչ ավելի, քան 92%-ը։

Ներկայացվել է «ՀՀ դատական օրենսգրքում» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, փոխանցում է Panorama.am-ը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ դատավորների կենսաթոշակի սահմանված շեմը 55% է առաջարկվող 75%-ի փոխարեն, և դա հակասահմանադրական է։

Դավթյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ ավելանում է դատավորների կենսաթոշակը։ ՍԴ որոշումից հետո թոշակի անցած բոլոր դատավորներին է վերաբերելու օրենքը, այն հետադարձ ուժ է ունենալու։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը: Մասնավորապես առաջարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից: