11 փետրվարի 2009 - 21:18 AMT
Երեւանն ու Բաքուն հանրությանը չեն պատրաստում Ղարաբաղի շուրջ հաշտության պայմանագրի ստորագրմանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակ եւ գաղտնի գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոնրդությամբ, հանգեցնում է հանրությանը տեղեկացվածության պակասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հարկ եղած ձեւով չեն նածապատրաստում իրենց երկրների հասարակություններին Ղարաբաղի շուրջ հաշտության պայմանագրի ստորագրմանը: Այդ մասին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը` մեկնաբանելով թուրքական Hurriyet թերթի հրապարակումը, որի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության շուրջ մասնակի համաձայնություն են ձեռք բերել:

«Ըստ էության, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջնորդության փակ եւ գաղտնի գործընթացը միայն ընկալման ու տեղեկացվածության պակասի է հանգեցնում, հատկապես որ ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի կառավարությունները բավարար չափով չեն նախապատրաստում իրենց քաղաքացիներին խաղաղության հնարավոր համաձայնագրին: Միաժամանակ, չկա ավելի կենսունակ որեւէ այլընտրանք ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես ղարաբաղյան հակամարտության միջնորդ:Դա միջազգային միակ մարմինն է, որը լիազորված է իրականացնելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդություն, եւ արդեն երկար ժամանակ ներգրավված է նուրբ դիվանագիտության մեջ»,- ընդգծել է Գիրագոսյանը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կառուցվածքային թերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ժողովրդավարորեն ընտրված ներկայացուցչի բացակայությունն է, որին, որպես հակամարտության անմիջական կողմ, պետք է խաղաղության գործընթացում տալ ավելի ուղղակի ու պաշտոնական դեր: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Ղարաբաղին` որպես հավասար կողմ, չներգրավելը անվստահություն է առաջացնում անվտանգության եւ կայունության նվազագույն պահանջներին համապատասխան բանակցային լուծման հասնելու ճանապարհին:

Ղարաբաղի հիմնախնդրում կենսական կարեւորության եւ առաջնային միջնորդի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբին հատկացնելը նաեւ նշանակում է, որ խաղաղության հաստատման գործընթացում Թուրքիան կարող է ունենալ միայն ոչ անմիջական դերակատարություն: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ նրա ռազմավարական սերտ հարաբերությունները, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական աներկբայելի աջակցությունը, որը ներառում է Հայաստանի չդադարող շրջափակումը, այդ երկիրը չի կարող ընկալվել որպես ղարաբաղյան հակամարտության չեզոք միջնորդ: Խոշոր հաշվով` խաղաղության գործընթացի վերաբերյալ տեղեկատվության պակասը հանգեցնում է ապատեղեկատվության` վտանգելով արդեն իսկ փխրուն բանակցային գործընթացը: Հայաստանում այդ պակասն ավելի է խորացնում թյուրըմբռնումը եւ նպաստում բնակչության անտարբերության խորացմանը: Հայաստանի կառավարությունը շատ ավելին պետք է անի իր քաղաքացիներին խաղաղության գործընթացում ներգրավելու համար:

Հավասարապես կարեւոր է նշել, որ Ադրբեջանը նույնպես ձախողել է բանակցային գործընթացի հնարավոր առաջընթացին իր հասարակության նախապատրաստումը պատշաճ կերպով: Բացի դրանից, բանակցային գործընթացի գաղտնիությունը սոսկ ուժեղացնում է այդ երկրի առաջնորդների ռազմատենչ հայտարարությունները եւ արմատականացնում ադրբեջանական հասարականության ներքին բանավեճը: Չնայած 2008-ի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած պատերազմը միայն վերահաստատեց տարածաշրջանում ռազմական գործողությունների` հանկարծակի ի հայտ գալու հետ կապված վտանգները, Ադրբեջանի ղեկավարները շարունակում են խոսել անպատասխանատու ռազմատենչ հայտարարությունների ու սպառնալիքների լեզվով` դրանով իսկ ավելի սրելով տարածաշրջանի անվտանգությունը:

Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության գաղտնի բանակցությունների մասին թուրքական մամուլի վերջին բացահայտումները լոկ ջլատում են երկարատեւ խաղաղությանն ուղղված ջանքերը: Իսկ առավել վտանգավորն այն է, որ տեղեկատվության ու թափանցիկության պակասը խթանում է սխալ լուրերի տարածումը, ավելի է ամրակայում կարծրատիպերը եւ ընդգծում ծայրահեղ տեսակետները: Իրենց հասարակություններին խաղաղության գործընթացին նախապատրաստելու եւ դրանում ներգրավելու` բոլոր կողմերի ձախողումները հետեւանք են հավասարակշռված պետական կառավարման եւ պարկեշտ ղեկավարման բացակայության:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով` Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ` ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Ըստ թուրքական Hurriyet օրաթերթի այսօրվա համարում զետեղված մի հրապարակման, Հայաստանն ու Ադրբեջանը «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ հոդվածի հեղինակի պնդմամբ` համաձայնագիրը կայացել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի միջնորդությամբ, եւ այն, ըստ էության, 4 կետից բաղկացած խաղաղության հաստատման նախագիծ է, որը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհների ու երկաթգծերի վերաբացում եւ միջազգային անորոշ խաղաղապահ ուժերի տեղակայում այս տարածաշրջանում:

Մինչ հրապարակումը չհաստատված է մնում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պաշտոնատար անձանց կողմից, եւ բավականին աղմկահարույց լինելով` որոշ մտահոգությունների տեղիք է տալիս ղարաբաղյան չլուծված հակամարտության անսպասելի ճեղքման առումով: Ավելին, չհիմնավորված հրապարակումը երեւակում է այն վտանգը, որն առաջ է գալիս խաղաղության հաստատման գործընթացի թափանցիկության պակասից եւ այդ մասին հասարակության ոչ համարժեք տեղեկացվածությունից: