Վաչագան Ղազարյանին համաներելու միջնորդություն կա․ Մեղադրանքը չի ընդունում

Վաչագան Ղազարյանին համաներելու միջնորդություն կա․ Մեղադրանքը չի ընդունում

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը, պաշտպանը միջնորդել է համաներման հիմքով դադարեցնել նրա քրեական հետապնդումը և նույն հիմքով՝ վերացնել խափանման միջոցը, փոխանցում է Armtimes.com-ը։

Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, պետությանը պատճառված 9․3 մլն դրամի վնասը նա վերականգնել է։ Ըստ մեղադրանքի՝ նա ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը նշել է, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները: Ըստ պաշտպանի՝ Ղազարյանը մեղադրանքը վարորդի հետ չի քննարկել։

«Ինքն էլ ասել է՝ հաշվեհամարը տվեք, փոխանցեմ, պրծնի-գնա»,- նշել է պաշտպանը՝ հավելելով, որ իրենք միջնորդել են քրեական հետապնդումը դադարեցրել համաներման հիմքով։

ՀՔԾ-ում գործը միակն է Ղազարյանի վերաբերյալ։ Նրան և իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրգործ ավելի վաղ կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2․8 մլրդ դրամի փոխհատուցման հիմքով: 2018-ի հունիսին Ղազարյանն ապօրինի հարստացման մեղադրանքով ձերբակալվել էր և ազատ արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նոյեմբերի 15-ին նա կրկին կալանավորվեց, սակայն դեկտեմբերին նա 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր փողերի լվացում կատարելու մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---