Ծաղկաձորում տեղի կունենա «Կամուրջ-2009» 6-րդ Միջազգային տնտեսական համաժողովը

PanARMENIAN.Net - 2009թ. փետրվարի 20-23-ը Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում տեղի կունենա «Կամուրջ-2009» 6-րդ Միջազգային տնտեսական համաժողովը, հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Համաժողովի հիմնական նպատակն է ծանոթացնել Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի գործարար ու քաղաքական շրջանակներին Հայաստանի տնտեսական ներուժի հետ:



«Կամուրջ-2009» 6-րդ Միջազգային տնտեսական համաժողովը ստացավ իր երկրորդ անվանումը` «Հայկական Դավոս», սա այն վայրն է, ուր հանդիպում են քաղաքական գործիչներ, իշխանության մարմինների ներկայացուցիչներ, արդյունաբերողներ ու գործարարներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:



«Կամուրջ-2009» 6-րդ Միջազգային տնտեսական համաժողովի հիմնական թեման կլինի «Միջազգային տնտեսական համագործակցություն.գերակայություններ, միտումներ, հնարավորություններ»:



Համաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հետեւյալ խորհրդաժողովներն ու կլոր սեղանները. «Բիզնես-կրթություն` ճոխություն թե անհրաժեշտություն», «Զբոսաշրջությունը Հայաստանում` փորձ եւ հեռանկարներ», «Հայաստանի արտահանման ներուժը` վերլուծություն եւ գնահատական», «Հայաստանի որպես ֆինանսական կենտրոնի զարգացման հեռանկարները», «Տարածաշրջանային տրանսպորտային համակարգի զարգացման նոր հնարավորությունները», «Էլեկտրոնային հասարակություն. ուտոպիա թե իրականություն», «Շինարարություն եւ անշարժ գույք. այսօրվա պահանջները», «Մրցակցային առավելությունները կայուն զարգացման համար»:



Երկրի գլխավոր տնտեսական համաժողովը վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի շրջանակներից եւ ձեռք է բերել միջազգային կարգավիճակ: Ակնկալվում է, որ, ինչպես նախորդ տարիներին, այդ իրադարձությունը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհի շատ երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների մոտ:



Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Գործարարների ու ձեռներեցների հանրապետական միությունը եւ Միջազգային ինտեգրմանն աջակցող «Մաստեր» կենտրոնը:



Տնտեսական համաժողովն անցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտգործնախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական աջակցությամբ:



Առաջին Միջազգային տնտեսական «Կամուրջ» համաժողովը տեղի ունեցավ Հայաստանում հուլիսի 23-26-ին Ծաղկաձորում, որին մասնակցեցին շուրջ 70 գործարարներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---