Խաղողի մթերման գնից դժգոհող շահումյանցիները փակել են ճանապարհը

Խաղողի մթերման գնից դժգոհող շահումյանցիները փակել են ճանապարհը

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են ճանապարհը։ Պատճառը խաղողի մթերման խնդիրն է:

Բերքի մթերման արժեքը մինչև 50 դրամով նվազել է, և մեկ կիլոգրամի դիմաց այժմ գյուղացուն առաջարկում են 100 դրամ գումար, շատերը նույնիսկ այդ գնով չեն կարողանում մթերել, գրում է Panorama.am-ը։

«Նախորդ տարի խաղողն ընդունել են 150 դրամով, իսկ այս տարի մի տեսակը դարձրել են 100, մյուսն էլ՝ 130 դրամ։ Դա գումար չի, որ մենք բերքը վաճառենք։ Պատերազմում վիրավորված երկու տղա ունեմ, ինչո՞վ պետք է պահեմ իրենց ընտանիքները, վարչապե՞տն է գալու պահի։ Գիտեք ինչ, ոչ մեկ մեզ համար ոչինչ չի անում։ Ու ոչ միայն վարչապետը... պարոն Ծառուկյանի հետ էլ 20-30 տոննայի պայմանագիր ունենք, բայց ասում են՝ 15 տոննա բերեք։ Ինչո՞ւ են պայմանագիր կապել, հիմա էլ քչացնում են, ասում են՝ հիվանդություն կա, չենք կարողանում մթերել»,- նեղսրտած նշեց խաղողագործներից մեկը։

Մյուսն էլ հակադարձել է՝ գոնե թող մյուսներն էլ Ծառուկյանի պես 150 դրամով մթերեն, դա էլ չեն անում։

Խաղողագործների մի մասը նշում է՝ եթե ՀՀ-ում պահանջարկ չկա, թող իշխանությունները բանակցեն, որ բերքն արտահանվի Վրաստան. այնտեղ մեծ պահանջարկ կա, մյուսն էլ հավելեց՝ գյուղացու խնդիրը չէ, թե ուր կտանեն բերքը, կարևոր է, որ ստանդարտ գին սահմանվի, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա՝ ինչ անել։

«Չգիտենք՝ ինչ կարգով, բայց թող պետությունն աջակցի գործարաններին, որ իրենք էլ կարողանան մթերել։ Չնայած այդ գործարաններին երկու տարով անտոկոս վարկ են տրամադրել. դա նշանակում է, որ յուրաքանչյուր գործարան կարող է 150 դրամով 20 հազար տոննա խաղող մթերել»,- շեշտել է խաղողագործներից մեկը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---