12 փետրվարի 2009 - 16:37 AMT
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան ճակատագրով պետք է զբաղվեն Հայաստանի իշխանությունները
Հովհաննես Թումանյանի երեւանյան թանգարանը ոչ մի իրավունքներ չունի Թբիլիսիում` Վոզնեսենսկայա 18 հասցեում գտնվող գրողի տան հանդեպ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի եւ որպես մեծ գրողի թանգարանի տնօրեն` ես շատ եմ ցավում, որ մենք այսօր բախվել ենք նման խնդրի հետ»,- նկատել է Թուխիկյանը:

Նրա խոսքով, Վոզնեսենսկայա փողոցում գտնվող բնակարանը պատկանում է Թումանյանի ընտանիքին 1921թ.-ից, երբ վրացական իշխանությունները նվիրեցին այդ տունը հայ գրողին: «Բնակարանը Թումանյանի ընտանիքի սեփականությունն է եղել, եւ ոչ ոք իրավունք չուներ բռնագրավելու այն: 1950-ական թթ. բնակարանի մի մասը վերածվեց քաղաքային գրադարանի եւ մինչեւ դրա փակումը 2008թ. կրում էր Հովհաննես Թումանյանի անունը: Անցյալ տարի Վրաստանի իշխանությունները գրադարանի տարածքը հանձնեցին մասնավոր անձին` որպես պարտքի մարում: Բայց բնակարանի մյուս հատվածում շարունակում է բնակվել Հովհաննես Թումանյանի ծոռը»,- ասել է Թուխիկյանը: Նա նաեւ նշեց, որ հայկական ԶԼՄ-ում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ այդ պատմությունը կապված է «Վերնատան» հետ, որը նույնպես գրականագետների գրասենյակ էր, բայց այդ տունը չի պատկանել մեծ գրողին: «Հովհաննես Թումանյանը երկար տարիներ ապրել է Ասատյանի փողոցում գտնվող տանը, բայց այն նրա սեփականությունը չի եղել: Այսօր խոսքը գնում է հենց նրա տան մասին, ոչ թե` «Վերնատան»,- ճշտել է նա:

Նարինե Թուխիկյանը նաեւ նշել է, որ դեռեւս մի քանի տարի առաջ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ինչ-որ բանակցություններ էին վարում Թբիլիսիի հետ գրադարանի տարածքը գնելու վերաբերյալ, որպեսզի այդ տարածքը դառնար ՀՀ սեփականությունը, բայց հետո այդ հարցը մոռացության տրվեց: «Անցյալ տարի Թբիլիսի կատարած իմ այցի ընթացքում ես փորձեցի գտնել մասնավոր անձին գրադարանը հանձնելու մասին փաստաթուղթը, բայց իմ ջանքերը ձախողվեցին: Այդ հարցը պահանջում է մեր երկրի իշխանությունների լուրջ մոտեցումը»,- ընդգծել է Հովհաննես Թումանյանի երեւանյան թանգարանի տնօրենը:

Ավելի վաղ ԶԼՄ-ը հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը պատրաստվում է $25 հազարով գնել մի վրացի բիզնեսմեն: Հայաստանի Գրողների միության քարտուղար Լեւոն Անանյանը հաստատեց տվյալ տեղեկատվությունը:

Հովհաննես Թումանյանը (1869-1923) հայ գրականության դասականն է: Թումանյանը նաեւ ակնառու հասարակական գործիչ է եղել, 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնություն հատկացնելու կողմնորոշիչներից մեկը: Մարտի 23-ին լրանում է Հովհաննես Թումանյանի 140 տարին, եւ այդ առիթով Հայաստանում զանազան միջոցառումներ են ծրագրվում: