12 փետրվարի 2009 - 17:21 AMT
Երեւանում Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Մարտի 23-ին լրանում է «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի 140 տարին: Այդ կապակցությամբ Թումանյանի Երեւանյան թանգարանը ծրագրում է մեծ գրողին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացնել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Փետրվարի 18-ին թանգարանի աշխատողները կմեկնեն Արյան հետազոտության կենտրոն: Այնտեղ մենք կշնորհավորենք երեխաներին մեծ գրողի ծննդյան կապակցությամբ, կնվիրենք Թումանյանի հեքիաթները: Բացի այդ, մեր նախաձեռնությամբ գրողի հեքիաթները կհրապարակվեն Բրայլի համակարգով, ինչը թույլ կտա սահմանափակ հնարավորություններով երեխաներին կարդալ Թումանյանի ստեղծագործությունները»,- ասել է նա:

Նարինե Թուխիկյանի խոսքով, փետրվարի 19-ին Երեւանի Խնկո-Ապոր գրադարանում կկայանա փոքրիկ թատերականացված ներկայացում գրողի ստեղծագործությունների հիման վրա, իսկ Թումանյանի թանգարանի շենքում կկազմակերպվի պարահանդես: «Երեւանում կանցկացվեն նաեւ գիտական համաժողովներ` նվիրված Հովհաննես Թումանյանին, իսկ աշնանը կբացվի Երիտասարդ թումանյանագետների ակումբը»,- հաղորդել է տնօրենը` ավելացնելով, որ մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաեւ գրողի հայրենի գյուղում` Դսեղում:

Հովհաննես Թումանյանը (1869-1923) հայ գրականության դասականն է: Թումանյանը նաեւ ակնառու հասարակական գործիչ է եղել, 1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնություն հատկացնելու կողմնորոշիչներից մեկը: