17 սեպտեմբերի 2020 - 10:52 AMT
Լեհաստանը կձերբակալի Կաչինսկու մահվան պատճառ դարձած ավիավթարի ժամանակ աշխատած կարգավարների

Լեհաստանի դատախազության ներկայացուցիչները դիմել են Վարշավայի շրջանային դատարան՝ 2010-ին այդ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ ավիավթարի դեպքով՝ Սմոլենսկի օդանավակայանում աշխատող 3 ավիակարգավարի ժամանակավոր ձերբակալման համար։

Եթե դատարանը դրական որոշում կայացնի, քննիչները կկարողանան քայլեր ձեռնարկել նրանց ձերբակալման համար, փոխանցում է ՌԲԿ-ն։

2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղևորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի էր ենթարկվել Լեհաստանի նախագահի ինքնաթիռը։ Այն ընկել էր առավոտյան 10:50-ին՝ Սմոլենսկի նահանգի Պեչորսկ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Ռուսաստանի դատախազության քննչական վարչության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ աղետի ենթարկված ինքնաթիռում 88 մարդ կար, այդ թվում՝ նախագահ Կաչինսկին և նրա կինը։

2020-ի հուլիսի վերջին լեհական կողմը հայտարարել էր, որ ինքնաթիռի պայթյունի պատճառ էր դարձել ՌԴ-ում դրա վերանորոգման ժամանակ ռումբի տեղադրումը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ լեհական կանխավարկածում գեղարվեստական տարրեր կան։

2015-ին ինքնաթիռի կործանման դեպքով լեհական կողմը նոր հետաքննություն էր սկսել ու հաստատել, որ ինքնաթիռում պայթյուն է եղել։ 2017-ին հանձնաժողովը հայտարարել էր, որ ինքնաթիռի թևերին պայթյունի հետքեր են եղել, ՌԴ քննչական կոմիտեն հակառակն էր պնդել՝ չկան պայթյունի մասին փաստեր։