Ծառուկյանը՝ Փաշինյանին․ Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողները չպիտի զբաղեցնեն քաղաքական բարձրագույն պաշտոններ

Ծառուկյանը՝ Փաշինյանին․ Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողները չպիտի զբաղեցնեն քաղաքական բարձրագույն պաշտոններ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Instagram-ի էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է Ծառուկյանը։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Փաշինյանը, պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո՝ լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»,- գրել էր Փաշինյանը։

Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։

Սեպտեմբերի 16-ին էլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից պատասխանելով ԲՀԿ-ականների քննադատություններին ու իր հրաժարարականի պահանջներին՝ ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները