ԱԺ-ն դեմ է քվեարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը

ԱԺ-ն դեմ է քվեարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեմ է քվեարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը, որը խորհրդարան էր բերել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Ձայների 35 կողմ, 84 դեմ հարաբերակցությամբ հարցապնդումը մերժվել է։

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն միանալու է ԼՀԿ-ին և կողմ է քվեարկելու Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը։

Արայիկ Հարությունյանը քվեարկությանը ներկա չի եղել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ուր է նա, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ նախարարին ինքն է ասել, որ գալու կարիք չկա, քանի որ ցանկացած լուծման դեպքում նախարարին գործերից կտրելը, հատկապես սեպտեմբերյան այս օրերին, նպատակահարմար չէ։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր իր հրաժարականի պահանջներին ու նշել, որ հրաժարական կտա, երբ տեսնի, որ կան նախադրյալներ և իրենք սխալ ուղով են գնում, իսկ նման հարց այս պահին օրակարգում չկա։

Ըստ Հարությունյանի՝ իր ղեկավարած գերատեսչության հանդեպ բողոքները կապված են իրականացվող ռեֆորմների մեծ փաթեթի հետ։

ԿԳՄՍՆ նախաձեռնած որոշ փոփոխություններ վերջին շրջանում քննադատության առիթ են դառնում։ Խոսքը, մասնավորապես, Հայոց եկեղեցու պատմության առարկան՝ Հայոց պատմության հետ դասավանդվելուն է վերաբերում. պատմության դասագրքերում, ըստ ընդդիմախոսների, որոշ բացթողումներ կան։ Նախարարը քննադատվել էր նաև բուհ ընդունվելու համար առաջին հայտին առաջնահերթություն տալու որոշման համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---