Թրամփը, Պուտինը և Լի Քեցյանը շնորհավորել են Փաշինյանին Անկախության օրվա առթիվ

Թրամփը, Պուտինը և Լի Քեցյանը շնորհավորել են Փաշինյանին Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։

Դոնալդ Թրամփի ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիներին ԱՄՆ-ն եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշվում է, որ Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: «Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ»,- ասվում է ուղերձում։

Լի Քեցյանն իր ուղերձում նշել է, որ Չինաստանի և ՀՀ քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ «Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում»,- ասվում է Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորական ուղերձում։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---