ԶՈւ ԳՇ պետ․ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է

ԶՈւ ԳՇ պետ․ Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ զինվորականները լավ են գիտակցում, որ իրենք են այսօր անկախության երաշխավորները։ Այդ մասին ասվում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական ուղերձում։

«Մենք ենք դարերի մեր համահավաք ձեռքբերման պահնորդները, և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրը պահելիս ու պաշտպանելիս գիտենք, որ մեզ են ուղղված նախնյաց հայացքները, մեր ծնողների և երեխաների հույսերը։ Եվ սա բեռ չէ, ծանրություն չէ, սա մեր կամքն ավելի աննկուն դարձնող ուժ է, հպարտություն, որի համար ոչինչ չենք խնայի։

90-ականներին, երբ կենաց-մահու պայքար էր գնում ծովից ծով Հայաստանից մեզ բաժին հասած այս մի բուռ հայրենիքը պահելու համար, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք ու պետք է ունենանք մեր անկախ պետությունը, համայն աշխարհասփյուռ հայերի Մայր Հայրենիք»,-ասվում է ուղերձում։

Նա հավելել է նաև, որ աներկբայելի է՝ ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն, հզոր ու պաշտպանված։

«Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ»,-ասվում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի ուղերձում։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---