Աբրահամյան․ Ծառուկյանին կալանավորելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել

Աբրահամյան․ Ծառուկյանին կալանավորելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան, ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, և կարիք չկա «բացառապես իրավական գործընթացը քաղաքանացնելու»։

«Սեպտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու եւ նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,-գրել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, այսինքն ուժի մեջ է մտել որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրեական գործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---