Արցախի ԱԳՆ․ Բաքուն պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից

Արցախի ԱԳՆ․ Բաքուն պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։

Այս մասին է հայտարարել Արցախի ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթներին։

Նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անարդյունավետ էին Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարված՝ Հայաստանը և Արցախը մեկուսացնելու, հայկական երկու պետությունների տնտեսական աճը խոչընդոտելու քաղաքականությունը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում կրոնական թեման շահարկելու փորձերը։

«Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև, ընդհանրապես՝ կարգավորման գործընթացի դեմ»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ ։

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեսաձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում մեղադրել է հայկական կողմին «բանակցությունների ձևաչափը և էությունը խախտելու մեջ»՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը «բանակցությունների գործընթացում անհիմն պայմաններ է առաջադրում»: Ալիևը կոչ է արել ՄԱԿ-ին «ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---