13 փետրվարի 2009 - 17:50 AMT
Ամերիկացի օրենսդիրները 111 Կոնգրեսին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության Խմբի անդամները, կոնգրեսականներ Ասամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Պալլոունը եւ Մարկ Կիրկը Կոնգրեսում տարածել են մի նամակ, որում կոչ են անում կոնգրեսականներին` վերսկսելու Կոնգրեսի օրակարգի մեջ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ մտցնելու ջանքերը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ANCA): «Մենք ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկման աշխատանքների վերսկսումը: Միշտ էլ կգտնվի ճիշտ ժամանակը, որպեսզի պայքարենք ցեղասպանությունների դեմ: Այժմ, Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցնեիր հետ միասին եւ ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի օրոք մենք կկարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ հասնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նամակում բանաձեւի հեղինակները կոչ են անում Կոնգրեսի իրենց գործընկերներին` միացնելու իրենց ձայները բանաձեւի ընդունման օգտին: ԱՄՆ 110 Կոնգրեսի օրոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հավաքել էր 212 կողմնակից եւ ընդունվել Արտաքին գործերի հանձնաժողովում, բայց քվեարկությունն արգելափակվել էր Ջորջ Բուշի վարչակազմի կողմից: