27 սեպտեմբերի 2020 - 13:50 AMT
ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանի ագրեսիային միջազգային հանրության ամենաարդյունավետ պատասխանն Արցախի ճանաչումն է

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու այդ երկրի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է։

«Ադրբեջանական կողմի գործողությունները Արցախի Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են։ Արցախը ՄԱԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ագրեսիան ետ մղելու և տարածաշրջանում խաղաղություն վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի կողմից զինված հարձակման մասին:

«Զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջական պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն:

Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն ուղղակի սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:», - ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: