Վրաստանի նախագահ․ Խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է

Վրաստանի նախագահ․ Խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում իրադարձություններին՝ նշելով, որ խաղաղությունը տարածաշրջանում ընդհանուր նպատակ է, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», - գրել է Զուրաբիշվիլին:

Տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ «դադարեցնելու սրումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---