Փաշինյան․ Թուրքիային միջամտությունից զերծ պահելու համար պետք է գործադրել բոլոր լծակները

Փաշինյան․ Թուրքիային միջամտությունից զերծ պահելու համար պետք է գործադրել բոլոր լծակները

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է գործադրի ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։

«Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ և շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումն ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից», - նշել է նա։

Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լրջության վրա:

«Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը», - նշել է վարչապետը:

«Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, պատերազմ մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին», - նշել է Փաշինյանը։

«Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եվ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: «Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով», - շեշտել է Փաշինյանը։

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ ՀՀ ԶՈւ մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ, նշել է նա:

«Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը», - ընդգծել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---