Արցախի ՄԻՊ․ Մոտ 30 վիրավոր կա քաղբնակչության շրջանում

Արցախի ՄԻՊ․ Մոտ 30 վիրավոր կա քաղբնակչության շրջանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի առավոտից Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, սակայն հայտնի է 30-ից ավելի վիրավորի մասին, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա հաղորդմամբ` նյութական վնասները ևս բազմաթիվ ու բազմաբնույթ են:

Բեգլարյանի խոսքով՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ի երեկոյի դրությամբ հրետակոծություն չկա, որոշ բնակավայրերում այն շարունակվում է։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակչությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Արցախի բնակչության մոտ ընդանուր առմամբ տրամադրությունը մարտական է։ Ըստ կարիքի՝ պատսպարվում ենք, բնականաբար։ Այն բնակավայրերը, որոնք անմիջական թիրախի ու վտանգի տակ են եղել, պետությունն այդ բնակավայրերից տարհանում է կազմակերպել։ Իհարկե, առաջնագծին մոտ որոշ բնակավայրերից մասնակի տարհանում ու ինքնահոսի տարհանում է եղել»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը՝ հորդորելով միջազգային հանրությանը տեղում ծանոթանալ իրավիճակին, գնահատել մարդասիրական կարիքներն ու աջակցություն ցուցաբերել։

Արտակ Բեգլարյանը նշել է նաև, որ հարվածի տակ է եղել 50 բնակավայր, այդ թվում՝ Արցախի բոլոր քաղաքները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---