ՀՀ ԱԳՆ․ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ

ՀՀ ԱԳՆ․ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ

PanARMENIAN.Net - Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, որտեղ շեշտվում է՝ Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում այդ երկրի ուղղակի ներկայությամբ:

«Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․

Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Ասվում է նաև, որ թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:

«Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները:

Հայաստանն ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---