29 սեպտեմբերի 2020 - 09:39 AMT
Փաշինյանը Գուտերեշի հետ զրույցում շեշտել է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին, այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի արտակարգ քննարկում անցկացնել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի պաշտպանության բանակում 84 զոհ կա։