1 հոկտեմբերի 2020 - 09:12 AMT
Հակամարտության գոտում հարաբերական կայուն լարված է եղել

Հոկտեմբերի լույս 1-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։