Արայիկ Հարությունյանը՝ հատուկ նշանակության զորքերին. Պատմական պահ է, հաղթելու ենք

Արայիկ Հարությունյանը՝ հատուկ նշանակության զորքերին. Պատմական պահ է, հաղթելու ենք

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է հատուկ նշանակության զորքերին` նշելով, որ յուրաքանչյուրից է կախված հայ ազգի ապագան։

«Գիտակցում եք պատմական պահը: Այսօր որոշվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքը: Մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը պետք է կատարենք այսօր: Ուզում եմ գիտակցենք պահը:

Մենք հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական հատվածն ենք ապրում, հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում: Պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ազգի ապագան: Ինչքանով ենք մենք կոչվելու ազգ, ինչքանով ենք իրավունք ունենալու այս մոլորակի վրա շարունակելու որպես հայ մնալը, ազգ մնալը, երկիր ունենալը։ Բայց ես ուզում եմ, որ դուք բոլորդ կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս հայրենիքում որպես արժանի զավակներ։ Ուզում եմ, որ բոլորդ կատարելով ձեր մարտական գործողությունները, առաջադրանքները առանց կորստի շարունակենք։

Համոզված եղեք՝ մենք հաղթելու ենք, ավելի ծանր ժամանակ ենք ապրել 1992-ին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում։ Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր: Ոչ միայն հաղթահարել ենք, այլ հաղթել ենք: Ոչ միայն հաղթել ենք, այլև ազատ երկիր ունենալու իրավունք ենք վաստակել: Եվ այդ ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքը, ճակատագիրն է այսօր որոշվում:

Ուզում եմ սթափ, ամենակարևորը՝ առողջ դատենք և իմանանք, որ մենք ունենք առաքելություն մեր երկրի, մեր ազգի, սերունդների առջև: Ուզում եմ ասել բոլորիդ՝ շատ սիրում, հարգում եմ: Ժամեր առաջ հանդիպել եմ եզդի եղբայրների մի մեծ խմբի, որոնք նույնպես արդեն առաջնագծում են, մեզ հետ միասին պաշտպանում են հայրենի հողը: Միջազգային հանրությունն է այսօր համախմբվել, գիտակցում է այն մեծ չարիքը, որ սկիզբ է առել մեր տարածաշրջանում: Հաջողություն բոլորիս: Ես էլ եմ լինելու ձեզ հետ միասին, ոչ ոք չկասկածի՝ հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի»,- ասել է na։

Ավելի վաղ` հոկտեմբերի 3-ի առավոտյան Հարությունյանը հայտարարել էր, որ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---