Հարությունյան․ ՊԲ-ն չի թիրախավորի Թալիշստանում և Լեզգիստանում գտնվող ռազմական օբյեկտները

Հարությունյան․ ՊԲ-ն չի թիրախավորի Թալիշստանում և Լեզգիստանում գտնվող ռազմական օբյեկտները

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա դիմել է թալիշներին և լեզգիներին՝ հավաստիացնելով, որ հայերը թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին են և պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով նպաստել նրանց պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---