17 փետրվարի 2009 - 18:02 AMT
Թուրքիան եւ Իսրայելը միմյանց կարիքն ունեն
Որքան էլ որ Անկարան քննադատի Թել-Ավիվին, միեւնույնն է` Թուրքիան եւ Իսրայելն իրենց օտար են զգում արաբական շրջապատում, երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «1996թ.-ից Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմավարա-դաշնակցական հարաբերություններ են հաստատվել: Դրանք հիմնված էին երկկողմ հետաքրքրության վրա եւ օգտվում էին ԱՄՆ լիարժեք օժանդակությունից»,- նշել է թյուրքագետը: Նրա խոսքով, Իսրայելն ու Թուրքիան շատ լավ գիտակցում էին, որ իրենք «օտար» են Մերձավոր Արեւելքում: «Բայց իրադրությունը զգալիորեն փոխվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ Արդարության եւ Զարգացման կուսակցությունը (AKP): Այդ քաղաքական ուժը նախկինի համեմատ առավել իսլամիստական բնույթ ունի: Գալով իշխանության` Թուրքիան իր վեկտորն ուղղեց արաբական երկրների կողմը»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը` որպես օրինակ բերելով Թուրքիայի դիրքորոշումը 2006թ. լիբանանա-իսրայելական հակամարտությունում:

«Ես չեմ կարծում, որ այդ ամենից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կկորցնեն ռազմավարա-դաշնակցական բնույթը: Թուրքիան ուժեղ կախվածություն ունի Իսրայելի ռազմա-տեխնիկական աջակցությունից: Որոշ տվյալների համաձայն, միայն 2007թ. թուրքական կողմը Թել-Ավիվից 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկա է գնել: Այդ տվյալները արդեն շատ բանի մասին են խոսում»,- հայտնել է Ռուբեն Սաֆրաստյանը: