«Գրանդ Հոլդինգը» ընդլայնում է իր գործունեության ոլորտը

PanARMENIAN.Net - Ոչ բոլոր պետությունները, եւ ոչ բոլոր ոլորտներն են ենթարկվում ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ուղղակի ազդեցությանը, ինչի ապացույցը մեկ խոշոր աշխատակազմի գործունեությունն է, ինչպիսին հանդիսանում է «Գրանդ Հոլդինգը»: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը` ներկայացնելով հոլդինգի 2009թ. համար նախատեսված ծրագրերը:



Մասնավորապես, խոսելով հոլդինգի մեջ մտնող «Մասիս Տաբակ» ծխախոտի հումքի արտադրության ընկերության մասին, Հ.Վարդանյանը տեղեկացրել է, որ ընկերության մեջ ներմուծված է նոր ամերիկյան տեխնոլոգիա, որը ավտոմատացնում է ծխախոտահումքի չորացումը: «Բացի ունեցած 72 խուցերից, վերջերս ստացել ենք եւս 36-ը, եւ դա կնպաստի արտադրության զգալի աճին 2009թ.»,- ասել է Հրանտ Վարդանյանը: Բացի այդ, նրա խոսքով, ծխախոտի արտադրության համար ձեռք է բերվել ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ նոր սերնդի սարքավորում, որը միջազգայաին շուկայում մրցունակ կլինի 30 տարի շարունակ:



«Հրուշակեղենի գործարանում շահագործման է հանձնվել տպագրական ցեխը, որն աշխատում է 30%-ով, իսկ մնացած հատվածի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի: Ինչ վերաբերում է թղթի արդյունաբերությանը, ապա մոնտաժվում է նոր արտադրական գիծ, որը ապահովելու է Հայաստանում անձեռոցիկի եւ թղթի արտադրությունը»,- ավելացրել է Հրանտ Վարդանյանը: 2009թ. սպասվող ծրագրերի թվում նա նշել է նաեւ մակուլատուրայի վերամշակումը, սպորտային ակումբի, Շենգավիթյան համայնքում բնակելի շենքի, Մասիսում եկեղեցու կառուցումը: Բացի այդ ամենից, նրա խոսքով, կկարգավորվի բնական հյութերի եւ օղու արտադրությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---