Թորոսյան․ Արցախում հակառակորդի կրակի պատճառով բժիշկները երբեմն չեն կարողանում հասնել կարիքավորներին

Թորոսյան․ Արցախում հակառակորդի կրակի պատճառով բժիշկները երբեմն չեն կարողանում հասնել կարիքավորներին

PanARMENIAN.Net - Արցախի հիվանդանոցներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, ինչպես նաև արյան պաշարներով։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, սակայն, որ լինում են դեպքեր, երբ ռմբակոծության և հրթիռակոծության պատճառով բժիշկները չեն կարողանում ֆիզիկապես հասնել օգնության կարիք ունեցողներին։

Թորոսյանը ներկայացրել է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության և հրետակոծության տակ է, և որևէ տարբերություն չկա այդ հրթիռների թիրախների առումով, դրանցով թիրախավորվում են թե ռազմական օբյեկտները, թե քաղաքացիականները։

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև ՀՀ-ից նրանց օգնության մեկնած բժիշկները, փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետև Ստեփանակերտը և այլ բնակավայրերը գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ։ Եվ նույնիսկ շտապ օգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքը ունեն»,- նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ երբեմն ստիպված են լինում տեղաշարժվել օդային տագնապի ժամանակ՝ վտանգելով կյանքը։

Ըստ նախարարի՝ բժշկական անձնակազմի մոտ կա այնպիսի տպավորություն, որ չի բացառվում՝ հրթիռների ուղիղ թիրախները լինեն բժշկական ենթակառուցվածքները, ինչը պատերազմական հանցագործություն է։

«Ինքս եմ ականատեսել եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, այնքան մոտ, որ հիվանդանոցը դղրդաց, և չի բացառվում, որ կարող էր հարվածել հենց հիվանդանոցին»,- ասել է նախարարը։

Թորոսյանը հայտնել է, որ վիրավորների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային վիրավորումներ են ստացել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---