6 հոկտեմբերի 2020 - 10:54 AMT
Մարուքյան․ Պետք է իմանանք ինչից է խոսվում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարների հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ պատգամավորները՝ տեղյակ լինելով Արցախում տիրող իրավիճակին, պետք է տեղյակ լինեն նաև, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում։

«Պետք է իմանանք՝ ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասել է Մարուքյանը։

Դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Մարուքյանը հավելել է, որ այդ նպատակով հարկավոր է հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Դա կարող է լինել ցանկացած ժամի, թեկուզ գիշերը ժամը 3-ին, և ցանկացած ձևաչափով»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցեր ունի, որոնք կարող է հասցեագրել միայն վարչապետին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։