6 հոկտեմբերի 2020 - 11:18 AMT
Թորոսյան․ Քիչ դեպքեր կան, երբ վիրավոր զինվորների ով լինելը դեռ պարզ չէ

Կան քիչ թվով դեպքեր, երբ հիվանդանոցներում պառկած վիրավոր զինվորներն անճանաչելի են, նրանք անգիտակից են, ի սկզբանե՝ իրավիճակով պայմանավորված, հայտնի չէ՝ ովքեր են և որ զորամասից են։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ գիտակցություն ունեցող հիմնականում բոլոր ճանաչված վիրավորները կարողանում են կապ հաստատել ծնողների հետ։

«Շատ քիչ դեպքեր են լինում, որ անճանաչելի վիրավորներ կան, քանի որ անգիտակից են։ Սկզբից իրավիճակով պայմանավորված՝ հայտնի չի լինում՝ նրանք որ զորամասից են, անուն-ազգանուն և այլն։ Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք և Պաշտպանության նախարարության մեր գործընկերները զբաղվում են»,- ասել է նախարարը։

Ըստ Թորոսյանի՝ այսօր (հոկտեմբերի 6-խմբ․) կամ վաղը հարցը վերջնականապես կկանոնակարգվի, լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր զինծառայողի գտնվելու վայրը և վիճակը։

Նախարարի խոսքով՝ վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորներն ավելի փոքր տոկոս են կազմում և պահանջում են ավելի շատ ուշադրություն։