6 հոկտեմբերի 2020 - 12:25 AMT
Նիկոլա Ազնավուրը Մակրոնին նամակով կոչ է արել ճանաչել Արցախը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հորդորելով հանուն հայ ժողովրդի փրկության՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն։

«Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, զոհերը՝ բազմաթիվ։

Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Ձեր վերջին ելույթներում Դուք ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։

Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով»,-ասվում է Ազնավուրի նամակում։

Ազնավուրը հավելել է նաև, որ հավատում է Մակրոնին և նրա սկզբունքայնությանը։

«Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել», - ասված է նամակում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։