Amnesty International․ Արցախի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արգելված կասետային զինամթերք

Amnesty International․ Արցախի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արգելված կասետային զինամթերք

PanARMENIAN.Net - Amnesty International կազմակերպության մասնագետներն ուսումնասիրություններով պարզել են, որ Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանցով կրակել է ադրբեջանական կողմը։

Հակառակորդն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառում է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնում։ Հայկական կողմն արգելված զինամթերքի կիրառումը փաստող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։

Հոկտեմբերի 4-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դիմել էր միջազգային հանրությանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով արգելված զինամթերքի կիրառման հարցը, և հորդորելով կույր չլինել։

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։

Ադրբեջանն արկեր է կիրառել նաև իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում կասետային զինամթերք հանդիպելու դեպքում ձեռք չտալ դրանց:

Աշխարհում այս զինամթերքի հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է։ Այն հատկապես վնասում է քաղաքացիականներին։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։

Կարդացեք նաև` Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---