18 փետրվարի 2009 - 12:41 AMT
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը լրջորեն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը
Այցով Վարշավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովոսկին ասաց, որ լեհերը առանձահատուկ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին, որի ներկայացուցիչները դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` իրենց նպաստն են բերել պետության զարգացմանը, եւ դրա վկայությունն է նաեւ Սեյմի ներկայիս գումարման կազմում երկու հայկական ծագումով պատգամավորների առկայությունը:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների համագործակցությունը` այն համարելով երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գրավականներից մեկը: Սեյմի նախագահը նշեց, որ Լեհաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը եւ այդ նպատակով կարեւորում է տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:

Նախարար Նալբանդյանը Սեյմի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սանձազերծման փորձերի եւ ռազմատենչ քաղաքականության վրա, որոնք ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այլեւ լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» առաջարկը, որի համահեղինակներից է Լեհաստանը, եւ այդ շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը: