Հովհաննիսյան․ Թեժ մարտեր են, դաշնակիցները մեր կողքին չեն, քանի որ կարիքը չկա

Հովհաննիսյան․ Թեժ մարտեր են, դաշնակիցները մեր կողքին չեն, քանի որ կարիքը չկա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի ընթացքում սրցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ու հատկապես հարավային ուղղությամբ ընթացել են համառ և դժվարին մարտեր, զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը շարունակվում են, ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններում հայկական ուժերը ջախջախիչ հարվածներ են հասցրել ադրբեջանական կողմին։ Ըստ նրա՝ նման մասշտաբի պատերազմում իրավիճակն անընդհատ փոխվում է, սակայն, քառակուսի մետրերով հաշված, քարտեզը մեծ փոփոխություն չի կրել։

Արձագանքելով պաշտպանության բանակում արտաքին հնարավոր օգնության մասին հարցին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ ԶՈւ-ն մարտական գործողությունները վարում ու հաղթում է՝ հենվելով միայն իր ուժերի, ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։

«Կուզեի հատուկ շեշտել, որ 48 ժամում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զինվորագրվել են՝ նոր ստորաբաժանումներ կազմելով։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև դրա կարիքը չունենք։ Մենք ինքնուրույն ենք վարում այդ գործողությունն ու տանում հաղթանակ»,-ասել է նա։

Անդրադառնալով հակառակորդի կորուստներին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ տվյալներն այժմ լիրաժեքորեն ամփոփված չեն, սակայն հոկտեմբերի 7-ին մինչև կեսօրի դրությամբ՝ ամենահամեստ հաշվարկներով 260-280 զինծառայող ու ահաբեկիչ է կորցրել, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է, զգալի թվով զրահատեխնիկա էլ մնացել է հայկական ԶՈւ-ի ձեռքին։

Պատասխանելով ավելի վաղ Ադրբեջանին սահմանակից վրացական 2 գյուղում անօդաչու թռչող սարք խփվելու մասին PanARMENIAN.Net ի հարցին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ պաշտոնական տեղեկություն հայկական կամ վրացական կողմից չկա՝ դրանց դեպի ՀՀ թռչելու մասին, սակայն որևէ բան չի բացառվում։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ Արցախի մի շարք քաղաքներ ադրբեջանցիները հրետակոծել են, կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---