18 փետրվարի 2009 - 15:29 AMT
Արման Մուրադյան. Մենք ամեն ինչ անում ենք Հայաստանում բռնցքամարտի մասսայականությունը բարձրացնելու համար
Այսօր Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը փետրվարի 16-ին Երեւանում մեկնարկած բռնցքամարտի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում կանցկացնի մենամարտերի իր երրորդ սերիան: Այս անգամ հայ բռնցքամարտիկները ռինգում կհանդիպեն ռուսաստանցի պատանիների հետ: Այսօր կայցած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը վստահություն է հայտնել, որ հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ կունենան ինչպես այս մրցաշարում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Մենք կազմակերպել ենք այս մրցումները մի քանի պատճառներով. առաջինը, որպեսզի նախապես ստուգենք կազմակերպչական աշխատանքները պատանիների աշխարհի առաջնությունից առաջ: Երկրորդը, քանի որ անցած օլիմպիադայի ժամանակ մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք մեծերի վրա, պատանիները մեր ուշադրությունից դուրս մնացին: Ուստի նրանք այնքան էլ լավ չեն նախապատրաստված առաջիկա Աշխարհի առաջնությանը: Նրանց համար նման մրցաշարերը կարեւորվում են միջազգային մրցումներին նախապատրաստվելու տեսակետից: Բացի այդ, մարտի 2-7-ը տեղի կունենա Հայաստանի բռցքամարտի պատանինների առաջնությունը, որի արդյունքում վերջնականապես կձեւավորվի երկրի պատանեկան հավաքականը Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա մայիսի 23-30 Երեւանում»-հայտարարել է նա:

Մուրադյանը անդրադարձել է նաեւ այն խնդիրներին, որի լուծմանն արդեն ձեռնամուխ է եղել ֆեդերացիայի նորընտիր վարչակազմը:

«Այսօր մենք կարեւորում ենք մարզիչների աշխատանքը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի նպաստենք, որ իրենք միջազգային փորձ ձեռք բերեն: Մենք մտադիր ենք վարպետության դասեր կազմակերպել նրանց համար Հայաստանում եւ արտերկրում: Ինչպես գիտեք, մենք արդեն նոր շենք ունենք: Ֆեդերացիայի աշխատակիցների թիվը ավելացել է, հասնելով 13-ի: Մենք արդեն կոմիտե ունենք, որը զբաղվում է միջազգային հարցերով: Աստիճանաբար մենք զինում ենք ժամանակակից պայմաններով եւ մարզական գույքով երկրի բռնցքամարտի դպրոցները: Նաեւ աշխատանք ենք տանում այս մարզաձեւի ժողովրդականացման ուղղությամբ, քանի որ սպորտը նպաստում է, որ ազգն ընդհանուր առմամբ եւ նոր սերունդը առողջ լինեն: Իսկ սպորտի ժողովրդականացումը ոչ միայն մեր աշխատանքն է, դա նաեւ լրագրողների աշխատանքն է: Այժմ մեր նպատակն է պահպանել եւ զարգացնել մեր հաջողությունները«,-ասել է Ա.Մուրադյանը:

Անդրադառնալով Երեւանում անցնող մրցաշարն` նա որպես օրինակ բերել է Ղազախստանի հավաքականը. «Նայեք ղազախներին: Նրանց համար բռնցքամարտը լոկ մարզաձեւ չէ: Դա կենսակերպ է: Օրինակ, երեկվա մենամարտերից մեկում Ղազախստանի ներկայացուցչիը ակնհայտ առավելություն ուներ մեր մարզիկի հանդեպ: Դա իր պարզ բացատրությունն ունի` հայ պատանին ընդամենը երկու մենամարտ է ունեցել: Իսկ նրա մրցակիցը արդեն 70 անգամ դուրս է եկել ռինգ տարբեր միջազգային մրացաշարերում: Մենք մտադիր ենք 2-3 տարին մեկ միջազգային մրցումներ անցկացնել, մասնակցել նման մրցումների արտերկրում, փորձ ձեռք բերելու համար: Մենք արդեն հրավերներ ունենք ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայից մարտի վերջում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու վերաբերյալ:

Բռնցքամարտի ֆեդերացիան նախատեսում է նաեւ նախապատրաստման գործընթացում ներգրավել բոլոր հայ վետերաններին, հայտնի բռնցքամարտիկներին` մարզական գործընթացը բարելավելու եւ այդ մարզաձեւի առավել ինտենսիվ զարգացման նպատակով:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը մեկ հաղթանակ է տարել Վրաստանի հավաքականի հանդեպ եւ պարտություն է կրել Ղազախստանի թիմից: