10 հոկտեմբերի 2020 - 15:27 AMT
Թուրք քաղաքագետ․ Թուրքիան հետաքրքրված չէ ԼՂ-ում խաղաղությամբ

Թուրքիան հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ՝ առանց այնտեղից հայկական զորքի դուրսբերման։ Նման տեսակետ է հայտնել թուրք քաղաքագետ Այդին Սեզերը՝ ընդգծելով, որ այդ երկիրն Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է։

Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով. ադրբեջանական օգտագործմանն են հանձնված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչու թռչող սարքեր։

«Թուրքիան հանդես է գալիս «հայկական օկուպացիայից ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրման կողմից», չկան որևէ ազդակներ, որ հրադադարը կլինի ամուր, այն հայտարարվել է միայն հումանիտար նպատակով՝ զոհերի մարմինների և գերիների փոխանակման համար»,- ասել է նա, հայտնում է «Կոմերսանտը»։

Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել են կեսօրից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Սակայն հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած, Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։