10 հոկտեմբերի 2020 - 18:12 AMT
Ավստրիայի հայերը ցույցի են դուրս եկել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Ավստրիայի հայ համայնքը բազմամարդ հանրահավաք է կազմակերպել Վիեննայի կենտրոնում: Հավաքված հայերի պահանջն է՝ ճանաչել Արցախի անկախությունը, ադրբեջանա-թուրքական տանդեմին դիվանագիտական հարթությունում տալ արժանի հակահարված, թույլ չտալ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը:

Ավստրիայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը իր ելույթում նշել է, որ պատրաստ են պաշտպանելու հայրենիքը և հետ մղելու թշնամու հարձակումները, գրում է «Գալան»։

Մեկշաբաթյա դրամահավաքի արդյունքում Ավստրիայի հայ համայնքը 150,000 եվրո գումար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, դրամահավաքը շարունակվում է: Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը հորդորում է հայությանը՝ կանգ չառնել, շարունակել օգնել հայությանը:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։