18 փետրվարի 2009 - 20:18 AMT
Թուրքական դպրոցներում ատելություն են սերմանում հայ ժողովրդի հանդեպ
Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ Թուրքիայի հայկական կրթական հաստատությունների նախաձեռնությամբ փետրվարի 17-ին Ստամբուլում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է Թուրքիայի Կրթության նախարության` վերջերս երկրի բոլոր վարժարաններին ուղարկված շրջաբերականը, որի համաձայն, բոլոր նախակրթարանների աշակերտներին մինչեւ փետրվարի 27-ը պետք է ցուցադրվի Հայոց Ցեղասպանության հարցի մասին թուրքական պաշտոնական տեսակետը ներկայացնող «Սարը Գելին» վավերագրական ֆիլմը: Քանի որ ժապավենը դաժանության տեսարաններ է պարունակում եւ ուղղված է հայերի դեմ թշնամանք սերմանելուն, հայկական կրթական հաստատություններն ընդվզել են հրահանգի դեմ: Ժողովի ընթացքում նշվել է, որ եթե ֆիլմը չցուցադրելու համար կրթօջախների տնօրենների հանդեպ պատիժ սահմանվի, ապա նրանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է դատ հարուցել:

Սակայն խորհրդակցության մասնակիցները համաձայնել են, որ այս պարագայում ամենակարեւորը հայկական վարժարանները չեն, այլ մյուս բոլոր կրթօջախները, որտեղ թուրք մանուկներին հայերի դեմ թշնամանք հարուցող ժապավեն է ցուցադրվելու, ինչը կարող է նոր Օգյուն Սամաստներ ծնել: Գերատեսչությանը կից նախակրթության ընդհանուր տնօրինությունը դպրոցներին ուղարկված շրջաբերականով պահանջել է բոլոր նախակրթարանների սաներին ցուցադրել Հայկական հարցի մասին Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը քարոզելու նպատակով բանակի Գլխավոր շտաբի պատրաստած` «Սարը Գելին» ժապավենը: Ֆիլմը կենտրոնացած է հայերի կողմից իբր թուրքերի սպանությունների վրա: Թուրք շատ հասարակական գործիչների կարծիքով, մանուկներին նման ֆիլմի ցուցադրությունը կարող է ծառայել միայն թշնամանքի սերմանմանը: Իսկ հաշվի առնելով, որ Հրանտ Դինքի սպանությունն իրականացնողը դեռահաս ազգայնական է եղել, մանուկներին ֆիլմի ցուցադրությունը կարող է անգամ վտանգավոր լինել: Շրջաբերականի դեմ բողոքելով` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բաց նամակ են ուղղել Թուրքիայում բնակվող 43 հայեր, գրում է «Normarmara» հայկական թերթը: