11 հոկտեմբերի 2020 - 20:39 AMT
Ոստիկանություն․ 14 արգելված հրապարակում է հայտնաբերվել

Հոկտեմբերի 11-ի ժամը 17։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված 14 հրապարակում, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվության հետ կապ չունեցողների։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը, 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։

Մեկ անձ տուգանվել է 300,000 դրամով, երկու լրատվական՝ 700 հազար դրամով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 մլն 500 հզ դրամով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

ՀՀ-ում, ռազմական դրությամբ պայմանավորված, մասնավորապես, արգելվել է պարտվողական և սուտ բովանդակությամբ տեղեկատվության տարածումը ու կառավարման օղակների արդյունավետությունը կասկածի տակ դնող, քննադատող կամ հերքող հրապարակումները։