11 հոկտեմբերի 2020 - 22:36 AMT
ՊՆ․ Հակառակորդը հյուսիսում ու հարավում գրոհել ու հետ է շպրտվել, 2 զրահատեխնիկա ու 1 ԱԹՍ են կորցրել

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 11-ին շարունակել են չպահպանել հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը և Արցախի հարավում ու հյուսիսում հարձակումներ են ձեռնարկել ու հետ շպրտվել, հայտարարել է պաշտպանության նախարարույթան խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսում 2 զրահատեխնիկա են կորցրել ու հետ շպրտվել, հարավում ևս գրոհը կասեցվել է, խոցվել է 1 ԱԹՍ, որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից խախտումներ չեն գրանցվել, սակայն հնարավոր չի եղել նաև դիակների դուրսբերում և գերիների փոխանակում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ լիակատար հրադադար է անհրաժեշտ այդ գործողությունների համար։

Հովհաննիսյանը նշել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել ադրբեջանցիների ռազմաօդային ուժերի գործողությունները։

Վեց հատ F-16-ի ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, դրանք կանխվում են հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե հայկական ուժերը խախտում են զինադադարն ու մեծ տրամաչափի զենքերով կրակում, սակայն դրանով սադրանքի հիմքեր է ստեղծում հետագա գործողությունների համար։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։