18 փետրվարի 2009 - 20:28 AMT
Խախտվում են Ջավախքի ակտիվիստների սահմանադրական իրավունքները
Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նշում է Վրաստանի Արդարադատության նախարարության կողմից որպես Ջավախքի քաղաքական ակտիվիստ, «Միացյալ Ջավախք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի պաշտպան` ֆրանսիավի իրավաբան Պատրիկ Արափյանի գրանցման ձգձգումը: Իր հայտարարության մեջ Սոզար Սուբարին գրանցման ձգձգումը բնութագրել է որպես «Սահմանադրությամբ երաշխավորվող պաշտպանության իրավունքի խախտում»:

Ինչպես ասվում է վրաց հաշտարարի հայտարարության մեջ, 2009թ. հունվարի 23-ին իրեն դիմեց իրավաբան Ստեփան Ոսկանյանը` իր պաշտպանյալներ Ռուբենի, Արմենի եւ Վահագն Չախալյանի իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ: 2009թ. փետրվարի 2-ին Վրաստանի ազգային պաշտպանը դիմեց Վրաստանի արդարադատության փոխնախարար Դմիտրի Ձագնաձեին եւ պահանջեց տեղեկատվություն հատկացնել հարցի դիտարկման եւ ֆրանսիացի իրավաբան Պատրիկ Արափյանին Արմենի, Ռուբենի եւ Վահագն Չախալյանի դատական գործընթացին ներկա լինելու թույլտվության մասին որոշման ընդունման վերաբերյալ, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել, հաղորդում է Bagin.info-ն:

Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը վրաց հատուկ ծառայության ջոկատները եւ տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միացյալ Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, հորն ու մորը: Ձերբակալության ողջ ընթացքում եղել է նրա գործի ընդամենը 3 լսում, որոնց ժամանակ դիտորդները, այդ թվում եւ Վրաստանի հաշտարարի գրասենյակից, արձանագրել են ամենակոպիտ իրավախախտումները: Դեկտեմբերի 3-ին Չախալյանին նոր մեղադրանքներ են ներկայացրել եւ դատը տեղափոխել են անորոշ ժամկետով: