Կասպարովը՝ ԼՂ խնդրի մասին․ Ակնհայտ է, որ ողբերգության ելակետը Սումգայիթի ջարդերն են

Կասպարովը՝ ԼՂ խնդրի մասին․ Ակնհայտ է, որ ողբերգության ելակետը Սումգայիթի ջարդերն են

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի 13-րդ առաջնության չեմպիոն Գարի Կասպարովը, ով ծնունդով Բաքվից է, հայտնել է իր կարծիքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին ու խոսել դրանում Թուրքիայի միջամտության անհնարինության մասին, փոխանցում է Sport24-ը։

Ըստ Կասպարովի՝ միանգամայն ակնհայտ է, որ «այս ողբերգության ելակետը Սումգայիթյան ջարդն է»։

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանություն։ Դրա նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

«Առանցքային է փաստը, թե ով է առաջինը յուրքանչյուր ճիշտ, սխալ, օրինական, անօրինական պահանջի պատասխանել արյունահեղությամբ։ Սումգայիթյան ջարդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո կոտորածներ եղան Կիրովաբադում՝ այսօրվա Գյանջայում, ապա Բաքվում։ Եվ դա ստեղծեց համատեղ կյանքի անհնարինություն։ Որովհետև, ինչպես ես ասացի, 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը չի ճանաչվել։ Եվ քանի դեռ ցեղասպանությունը Թուրքիան չի ճանաչել, խոսել այդ երկրի որևէ պոզիտիվ դերակատարության կամ Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին, իմ կարծիքով չի ստացվի։ Մենք այսպիսի փակուղում ենք», - նշել է նա։

Կասպարովը նաև պատմական ակնարկով հիշեցրել է, որ Արցախում 19-րդ դարում էլ են հայեր ապրել, իսկ իրադարձություններն այնպես են դասավորվել, որ Լենինը, ով Թուրքիային դիտարկում էր տարածաշրջանում հեղափոխության լոկոմոտիվ, երկու տարածք՝ Նախիջևանը՝ հայ և ադրբեջանցի բնակիչներով, և Ղարաբաղը՝ բացառապես հայերով բնակեցված, տվել է Ադրբեջանին։ Ըստ շախմատիստի՝ արդյունքում ականապատ դաշտ է ստեղծվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---