16 հոկտեմբերի 2020 - 09:42 AMT
Հակառակորդը լայն հարձակում է սկսել է հյուսիսում, բայց հետ շպրտվել

Հոկտեմբերի լույս 16-ի վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-ասվում է գրառան մեջ։

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձեռնարկելով հարձակման փորձեր:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։