17 հոկտեմբերի 2020 - 09:57 AMT
Լուսադեմին հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին․ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների

Հոկտեմբերի 17-ի լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:

Հոկտեմբերի լույս 17-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյի դրությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել էր, հրթիռային հարվածների տակ էին նաև Արցախի այլ համայնքները, Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Հակառակորդը պատերազմի ընթացքում առաջին անգամ ծանր հրթիռներից է հարված հասցվել Ստեփանակերտին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։