Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ղրիմի՝ ռուսական տարածք ճանաչելուց հրաժարվելը քաղաքական տրամաբանության բացակայության օրինակ է և ցույց է տալիս` ինչպես են թուրքական իշխանությունները վատնում իրատեսությունը: Այս մասին հայտարարել է Ղրիմի կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։
«Այս դիրքորոշումը մատնանշում է մի քանի ոչ այնքան հեռատես թուրք գործիչների այլ, վատ թաքցվող պլանների մասին, որոնք գաղտնիք լինելու համար շատ հեշտ է գուշակել»,- ասել է Մուրադովը։
Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք և Կիևի հետ աջակցելու է Ղրիմի թաթարներին:
ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովն արձագանքել էր, թե Թուրքիայի՝ Ղրիմի վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները վկայում են, որ Էրդողանն իր օրակարգն ունի։
Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։