17 հոկտեմբերի 2020 - 12:47 AMT
Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է համազգային դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել 100 մլն դրամ:

Մինչև այդ ընկերությունը հնարավորություն է տվել Արցախից եկած հայրենակիցներին 1 ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից և իջեցրել ռոումինգի արժեքն Արցախում մինչև 5 դրամ։

«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք՝ որպես կապի օպերատոր և որպես հայաստանցիներ, փորձում ենք մաքսիմալ օգտակար լինենք մեր երկրին: Ես գիտեմ, որ առանձին աշխատակիցներ և ստորաբաժանումներ բազմաթիվ հեռախոսներ և շարժական լիցքավորիչներ են ուղարկել Արցախ, այլ անհրաժեշտ իրեր և իհարկե նշանակալի գումար: Որպես կապի օպերատոր մենք լարված աշխատում ենք, որ այս դժվարին պահին հնարավորինս որակյալ կապ ապահովենք բոլորի համար: Սակայն իհարկե ֆինանսական աջակցությունն էլ պարտադիր է այս պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բացի այդ, ռազմական դրության հայտարարումից հետո, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ծրագրի շրջանակում, ԿԳՄՍՆ-ի տրամադրած վկայականների հիման վրա՝ հեռավար կրթություն ստացող աշակերտները կկարողանան օգտվել մատչելի ֆիքսված և շարժական ինտերնետի սակագներից՝ առաջին ամիսն անվճար:

Անվճար տրամադրվող փաթեթի և այլ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի գտնել ընկերության կայքում: