17 հոկտեմբերի 2020 - 12:59 AMT
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ-ում վիրավորված երեխաներին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈւՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Ես և ՄԱԿ-ի ամբողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շարփը իր այցի ժամանակ՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից:

Այցի ընթացքում Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմել է նրան վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմել է իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի:

Քանի որ Ռուբենն իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, Շարփը երկար զրուցել է նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է:

Նշվում է նաև, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի գլխավոր ուղերձն էր՝ ինչու է լռում ՄԱԿ-ը։ Մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցչին հստակ արձագանքել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։